National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2022
Ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետում խնդիրը կվերացվի, եւ ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր. Էդուարդ Աղաջանյան
1 / 1

Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հանդիպումը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների հետ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են Արցախում տիրող  իրավիճակով:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից հետեւողականորեն իրականացվող` արցախահայությանն իրենց հայրենիքում ապրելու իրավունքից  զրկելու եւ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման  հերթական դրսեւորումն է: Պատգամավորը հավելել է, որ այդ մոտեցմանն ականատես ենք եղել կոնֆլիկտի սկզբից, սակայն վերջին շրջանում եւ հետպատերազմյան ժամանակահատվածում այդ գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ ու գործնական բնույթ: Այդ մասին ՀՀ իշխանությունները բազմիցս տեղեկացրել եւ ահազանգել  են միջազգային հանրությանը: Գործընթացի գնահատականը բազմիցս տրվել է ԱԳ նախարարության,  ՀՀ ղեկավարի, ԱԺ պատգամավորների, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի   կողմից:

«Ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից հերթական խախտումն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող, վերջինիս  կողմից ստանձնած պարտավորությունների: Մասնավորապես, խոսքն այն կետի մասին է, որով կողմերը պարտավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ նույն դիրքերում, եւ այդ սահմանագծով (նաեւ ռուս սահմանապահները պետք է տեղակայվեն) տեղակայվել են»,- ասել է պատգամավորը:

Էդուարդ Աղաջանյանը  տեղեկացրել է, որ վերոնշյալ հատվածում առաջնագիծ եղել է, եւ պետք է ռուս գործընկերների հետ պարզել, թե ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել այդ առաջխաղացումը, քանի որ առաջխաղացման հետեւանքով ադրբեջանցիները  հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն` շրջանցել են նրանց: Այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է, եւ հայկական կողմը  ռուս գործընկերներից ակնկալում է ստանալ հստակ պատասխաններ, թե ի՞նչ պայմաններում է դա տեղի ունեցել:

«Ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի, եւ ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր:  Ադրբեջանական զինված ուժերի թիկունքում է հայտնվել Փառուխ գյուղը, եւ նրանք զբաղեցրել են մի շարք դիրքեր, հավանաբար` Քարագլուխը: Հայկական կողմն ունի վիրավորներ, ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ` բայրաքթարներ, խոցվել են ՊԲ դիրքեր: Խոսքն էսկալացիոն գործընթացի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերն ուղղված  են ռուս գործընկերներին,  քանի որ այն պատասխանատվության գոտում, որտեղ այս գործընթացները տեղի են ունենում, ենթադրվում է, որ ռուս խաղաղապահների միջոցով, պետք է բացառվեր»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությանը, որով կողմերին հաղորդակցվելու կոչ է արվում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ ուղիղ հաղորդակցվելու ձեւաչափեր եղել են, բայց դա գործնականում ոչինչ չի փոխել:

«Սա գործնականում փակուղի տանող ճանապարհ է, քանի որ ադրբեջանական կողմը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ իրենց համար ղարաբաղյան հարց կամ կոնֆլիկտ գոյություն չունի, խնդիրը լուծված է եւ, հետեւաբար, դրա հետ կապված որեւէ բանակցության կարիք կամ նպատակահարմարություն չկա: Այնինչ հայկական կողմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է»,- ընդգծել է պատգամավորը:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով` դա է պատճառը, որ բոլոր գործընթացներում եւ բանակցություններում մշտապես կա երրորդ կողմը, ինչը որոշակիորեն բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը:

«Հայկական կողմի շահերից է բխում իրավիճակի հանգուցալուծումը, որ խաղաղապահներն իրապես ապահովեն արցախահայության անվտանգությունը եւ թույլ չտան նմանատիպ սադրանքներ»,- ընդգծել է Էդուարդ Աղաջանյանը եւ փաստել, որ հայկական կողմը պատրաստ է անել առավելագույնը` ցանկացած ձեւաչափով վերջիններիս աջակցելով:

Հանձնաժողովի նախագահի խոսքով` հայկական կողմը մշտապես գործընկերային է եղել դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում եւ հատկապես` Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում: Ռուսաստանն այդ տարածքում հայ բնակչության անվտանգության երաշխավորն է:

Պատգամավորը, այդուհանդերձ, արձանագրել է, որ ռուսական կողմից ստեղծված իրավիճակի վերաբերյալ որեւէ պաշտոնական դիրքորոշում չի հնչել, եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կլինի: «Ցանկալի է, որ դիրքորոշման ականատեսը լինենք իրավիճակի գործնական լուծումից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման կետեր»,- ասել է նա:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am